Գարնանային ընթերցանություն

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):

Գրքի հեղինակը Սերո Խանզադյանն է:

Սերո Խանզադյանը ծնվել է 1915 թվականին դեկտեմբերի 1-ին Գորիսում։ 1934 թվականին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը 1934-1941 թվականներին զբաղվել է ուսուցչությամբ։ Աշխատել է Գորիսի շրջանի Տաթև և Խնածախ գյուղերում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1941-1945)։ 1941 թվականին հունիսին Խանզադյանը կամավոր մեկնել է կարմիր բանակ։ Պատերազմի սկզբից գրողը մարտնչել է Վոլխովյան, Լենիգրադյան ռազմաճակատներում, շարքայինից հասել է կապիտանի կոչմանը։ 2008 թ. հիմնադրվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։

Նա գրել է շատ պատմվածքներ՝«Կորած արահետներ», «Այրված տունը», «Անձրևից հետո» և շատ ու շատ այլ պատմվածքներ:


  •  Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:

Գրքի հերոսներն էին՝ Վանիկը  և նրա շունը՝ Ղափլանը: Վանիկը մի գյուղացի տղա էր, ով օգնում էր հորն ու մորը: Շատ բարի ու քաջ էր նա:

  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորի՛ր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:

Է՜յ, մարդւսկե՜րպ հրեշ, ես հաղթե՜ցի քեզ, հաղթեցի՜… Ահա ես ազատ եմ, փրկվա՜ծ… և
այլևս չե՜մ վախենում քեզանից, չէ՜…
Նա թքեց քարանձավի մեջ ու շուռ եկավ՝ ժայռի գլխից իջնելու համար։
Սակայն այստեղ ևս բախտը չժպտաց Վանիկին։
Անցքի մոտից մի տասը քայլ հեռանալուց հետո միայն տեսավ, որ ինքը Կապուտան լճի
առափնյա վիթխարի ժայռի մեջտեղը գտնվող փոքրիկ, շատ փոքրիկ հարթության վրա է։ Այդ
փոքրիկ հարթության գլխին կախված էր լերկ ժայռը, իսկ մյուս երեք կողմերը ուղղահայաց
իջնում էին մինչև լճի քարքարոտ ափը։ Ո՜չ մի կերպ հնարավոր չէր ժայռի վրայից ցած իջնել։
Սակայն այս անգամ Վանիկը բոլորովին չհուսահատվեց։ Ինչ հուսահատություն, երբ ինքն
արդեն դուրս է եկել մթին քարանձավից ու իր սեփական աչքերով տեսնում է հայրենի
լեռնաշխարհը, լիճը, ձյունից ազատվող հողը…
— Հե՜, հե՜, հե՜յ…— զարմանալի առույգ ձայնով կանչեց նա։— Դե, Ղափլա՜ն, հիմա ես ու դու
պարանի օգնությամբ կիջնենք ներքև։ Տեսնո՞ւմ ես, ժայռն այնքան էլ բարձր չէ, հազիվ տասը-
տասներկու մետր լինի։
Նա հավաքեց անցքի մոտ թողած պարանը, իր գոտին էլ միացրեց նրան ու մի ծայրը կապեց
անցքի մոտ եղած ցցաքարին։ Հետո շալակի պարկը նետեց ներքև ու քրքջաց։
Այժմ արդեն ինքը կարող է բռնել պարանից և իջնել ներքև։ Իսկ Ղափլա՞նը։ Դե պարզ է,
Ղափլանը չի կարող մարդու պես բռնել պարանն ու իջնել, ձեռք չունի, ոչ էլ կարող է ցատկել
այդքան բարձրությունից՝ ուրեմն պետք է Ղափլանին պարանով կապել ու կախ տալով իջեցնել
ներքև։
— Մո՜տ եկ, Ղափլա՜ն, հիմա ես քեզ պարանով կիջեցնեմ ներքև։ Մի՜ վախենա, ոչ մի վատ բան
չի պատահի։ Մոտ եկ։ Բայց չարության չանես, հա՜, թե չէ կթողնեմ այստեղ ու կգնամ…
Նա պարանի ծայրն ամուր փաթաթեց շան փորին ու հանգուցեց։ Բայց երբ շանը հրեց դեպի
ժայռի պռունկը, սա սարսափեց ու գլուխը թափահարելով՝ սկսեց աղեկտուր կաղկանձել,
փաթաթվել Վանիկի ոտքերին։
— Ի՞նչ ես գժություն անում, այ անբան անասուն,— գոռաց Վանիկը։— Բա որ վախենում ես, ես
ի՞նչ անեմ, քեզ ո՞նց իջեցնեմ։ Հը՞։
Բայց ինչ արեց-չարեց՝ չկարողացավ համոզել շանը։ Միշտ անվախ ու համարձակ Ղափլանը
այնպես էր վախենում անդունդից, այնպես էր դողում, որ թվում էր, թե հիմա սրտաճաք կլինի։
Դա դեռ ոչինչ, նա սկսեց ատամները կրճտացնել, քիթը վեր քաշել ու թշնամանքով նայել
տիրոջը։ Մի երկու անգամ էլ քիչ մնաց, որ կծեր Վանիկին։
Ծանր վիճակ էր։ Վանիկը այնքան էր բարկացել, որ հրացանի կոթով խփեց շանն ու գոռաց.
— Դե ձայնդ կտրի՜ր, վախկոտի՜ մեկը, բա քեզ թողնեմ այստեղ, որ սատկե՞ս։ Ձայնդ կտրիր,
ասում եմ։ Օրը տարի չէ, հրես կմթնի ու երկուսս էլ գայլի ու գազանի բաժին կդառնանք։
Որպեսզի կարողանա շանը խաբել ու իջեցնել ժայռից, Վանիկը մոր շալով ամուր կապեց նրա
աչքերը։ Հետո աննկատելի մոտեցրեց ժայռին ու հրեց… Ղափլանը կախվեց ժայռից, նրա
աչքերի կապը բաց ընկավ, և խեղճը մի այնպիսի վայնասուն բարձրացրեց, որ ժայռերը
դղրդացին։ Վանիկը նստել էր ժայռի պռունկին և պարանը դանդաղ բաց էր թողնում։ Երբեմն
հռհռում էր շան աղեկտուր կլանչոցի վրա։
Երբ Ղափլանին հասցրեց գետնին, խոր հոգոց հանեց։ Հրացանը գցեց ուսը, երկու ձեռքով
բռնեց պարանն ու սկսեց իջնել… Իսկ երբ ոտքերը հասան գետնին, նա ուրախությունից
թավալվեց խոնավ ավազի վրա ու դեռ դողացող շանը գրկելով՝ ասաց. Հանգստացի՜ր, Ղափլան ջան, պրծա՜նք:

Ես ընտրել եմ վերջին հատվածը: Ամբողջ ընթացքում ես սպասում էի այս հատվածին, թե երբ են Վանիկն ու  Ղափլանը դուրս գալու այդ մութ քարանձավից:

  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:

Ես այս գրքից սովորեցի, որ ոչ մի դեպքում չի կարելի կորցնել հույսը, միշտ էլ թունելի վերջում լույս է վառվում: Նաև սովորեցի, որ նեղ պահին ընկերոջը մենակ թողնել չի կարելի:

  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:

Գրքի գլխավոր հերոսները՝ Վանիկն ու Ղափլանը, տարբեր արկածների, անհաջողությունների ու ձախողումների հանդիպելով, 91 օր հետո կարողացան դուրս գալ քարանձավից: Գիրքը ինձ շատ դուր եկավ, այնքան շատ, որ մի քանի օրում վերջացրի այն: Գիրքը կարդացել եմ մեծ հետաքրքրությամբ: Այն ինձ սովորեցրեց, որ պետք է լինել անվախ, չհանձնվող, խելացի: Ընկերներիս խորհուրդ կտամ անպայման կարդալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով