Հեքաթների շիլաշփոթ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ, կույր մարդ։ էս մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր կույր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը մտածում է․

— Տե՛ր աստված,- ասում է,-սա ի՞նչ է, օձ է,  օձ չի, թոկ է, թոկ չի։

Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում։

— Լսի՛,- ասում է,-մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։ Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ո՛վ գիտի, իմ ծնողը ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերնեիս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզո՜ւմ, էնպես եմ ուզո՜ւմ․․․ Եկ, խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ․․․ Եթե ինձ բաց թողնես, ես մի հրաշքով քեզ մի լավություն կանեմ։

Էսպես էր ասում ցա՜ծ, շա՜տ ցած ձենով, ցամաքած բերանը բացուխուփ անելով։ Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է, ետ գցում գետը։

— Գնա՛, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քու ծնողը։ Թող չտխրեն քու ընկերները։ Գնա՛, պրի՛ ու խա՛ղ արա նրանց հետ։

Ու այդ պահին մի հրաշք է կատարվում։ Իրականանում է կույր շալակատարի միակ երազանքը, նա այլևս կույր չէր։

Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով